ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովը քննարկել է հեռավար աշխատանքի օրենսդրական կարգավորումների հարցը։ Նախատեսված է, որ գործատուներն ու աշխատակիցները կարողանան փոխադարձ համաձայնությամբ և օրենսդրական հիմք ունենալով աշխատանքն իրականացնել հեռավար:
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հետաքրքրվել է լիցենզավորման պահանջ ունեցող ոլորտներում այս կարգավորման կիրառմամբ։ Նա հարց է բարձրացրել՝ առողջապահության ոլորտում, օրինակ, որտեղ գրեթե ամեն ինչ լիցենզավորվում է, այդ գործունեության տեսակներում նույնպե՞ս կարող է գործել հեռավար աշխատանքի սկզբունքը, թե՞ անհրաժեշտ են հատուկ կարգավորումներ:
Թորոսյանը նաև հարցրել է պետական համակարգում հեռավար աշխատանքի մասին։ Ըստ նրա՝ այն կարող է թե՛ հնարավորություններ բացել, թե՛ ռիսկեր պարունակել, ուստի ռիսկերը պետք է կառավարվեն:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը նշել է, որ կորոնավիրուսի առաջին շաբաթներին աշխատանքի արդյունավետությունը նվազել էր, քանի որ մարդկանց ծանոթ չէր այդ սկզբունքը, սակայն հետո իրավիճակը փոխվել է։ Ըստ փոխնախարարի՝ ԱՄՆ-ում ուսումնասիրություն է կատարվել ու պարզվել է, որ հեռավար աշխատանքը մի քանի միլիարդի խնայողություն է բերել։
Խոսելով լիցենզավորման ոլորտի աշխատանքները հեռավար կազմակերպելուն՝ նա նշել է, որ այլ օրենսդրական ակտերով եթե կան սահմանափակումներ, յուրաքանչյուր ոլորտ իր մոտեցումը պետք է ցուցաբերի, թե որքանով է այն կիրառելի։
Թորոսյանը տարակուսանք է հայտնել, որ այս նախագծի վերաբերյալ մյուս գերատեսչություններից կարծիք չի տրվել. «Ինձ թվում է՝ պետք է լինեին։ Առնվազն այս հարցին անդրադարձ է պետք, թե լիցենզավորման ո՛ր տեսակների դեպքում է բնույթի որոշման կարգը որոշում կառավարությունը, որ երկու շաբաթը կամ երկու ամիսը մեկ չգանք՝ էս օրենքը փոխենք»։