Հասարակություն

Իրանի ու Հայաստանի քաղաքացիներից երեք հոգով խաբեությամբ 90 մլն դրամից ավելի գումար են հափշտակել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Երևանի երեք բնակիչների կողմից ԻԻՀ և ՀՀ մի շարք քաղաքացիներից տարբեր պատրվակներով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել և հիմնավորվել է, որ ԻԻՀ երկու քաղաքացի, մտադրություն ունենալով շենգենյան գոտու տարածքում գտնվող երկրների մուտքի թույլտվության արտոնագրի ձեռքբերման գործընթացն իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում, իրենց ծանոթից տեղեկանալով, որ Երևանի 56-ամյա բնակչուհին կարող է ՀՀ-ում կազմակերպել հիշյալ գործընթացը, 2019թ. հունիս-օգոստոս ամիսներին ժամանել են Երևան: Վերջիններս Երևանում գործող սրճարաններից մեկում հանդիպել են 56-ամյա կնոջ հետ, ով նպատակադրվելով խարդախությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով գումար, հայտնել է իրականում գոյություն չունեցող կեղծ տվյալներ՝ հավաստիացնելով որ յուրաքանչյուր անձի համար 3.500 ԱՄՆ դոլար գումարի դիմաց կարող է կազմակերպել շենգենյան երկրների մուտքի թույլտվության արտոնագրի ձեռքբերումը:

Հիշյալ գործընթացը կազմակերպելու նպատակով ԻԻՀ վերոնշյալ քաղաքացիները ՀՀ են հրավիրել մի շարք համաերկրացիների։ 56-ամյա կինը, շենգենյան երկրների մուտքի թույլտվության արտոնագրերի ձեռք բերումը կազմակերպելու կեղծ պատրվակով, ԻԻՀ հիշյալ երկու քաղաքացիների միջոցով նրանցից վերցրել է  առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 105.000 ԱՄՆ դոլարին համարժեք 49.980.000 ՀՀ դրամ գումար, որը խարդախությամբ հափշտակել է:

Քննությամբ պարզվել է նաև, որ  վերոնշյալ ԻԻՀ երկու քաղաքացիները, իրենց մեկ այլ ծանոթի խորհրդով հանդիպել են Երևանի 55-ամյա բնակչին՝ շենգենյան գոտու տարածքում գտնվող երկրների մուտքի թույլտվության արտոնագրի ձեռքբերման գործընթացը կազմակերպելու նպատակով: Վերջինս, ներկայանալով որպես ՀՀ-ում Սերբիայի դեսպանատան աշխատակից, նույն մեխանիզմով ԻԻՀ քաղաքացիներից հափշտակել է 21.000 եվրոին և 9.000 ԱՄՆ դոլարին համարժեք, ընդհանուր՝ 15.311.000 ՀՀ դրամ գումար: 55-ամյա տղամարդը նույն եղանակով նաև իր ծանոթից է հափշտակել 7.140.000 ՀՀ դրամին համարժեք 12.000 եվրո գումար՝ վերջինիս դստեր ընտանիքի մուտքը Ֆրանսիայի Հանրապետություն կազմակերպելու պատրվակով:

Բացի այդ, Երևանի 56-ամյա բնակչուհին, ինչպես միայնակ, այնպես էլ նույն քաղաքի 47-ամյա բնակչուհու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, մի շարք քաղաքացիներից խարդախությամբ հափշտակել է տարբեր չափերի գումարներ: Մասնավորապես, տեղեկանալով քաղաքացիների՝ բնակարան ձեռք բերելու մտադրության մասին՝ 56-ամյա կինը ներկայացել է, որոշ դեպքերում էլ վերջինիս 47-ամյա հանցակիցը նրան ներկայացրել է որպես ԴԱՀԿ ծառայության աշխատակից, ով կարող է կազմակերպել հիշյալ ծառայությունից աճուրդի միջոցով շուկայականից ցածր արժեքով բնակարանի ձեռքբերումը: 56-ամյա կինը, չարաշահելով քաղաքացիների վստահությունը, բջջային հավելվածի միջոցով նրանց է ուղարկել տարբեր բնակարանների լուսանկարներ, իբրև ԴԱՀԿ աճուրդի մասնակցության վերաբերյալ կազմված իրականում գոյություն չունեցող փաստաթղթեր: Նա նաև ցույց է տվել Երևան քաղաքի տարբեր հասցեներում գտնվող բնակարաններ՝ ձևացնելով, թե իբրև զբաղվում է բնակարանի ձեռքբերումը կազմակերպելու գործընթացով: Քաղաքացիներից ստանալով դրական պատասխան՝ գործարքի համար նախատեսված ծախսերը կատարելու կեղծ պատրվակով, ինչպես նաև որպես կանխավճար 56-ամյա կինը ստացել է առանձնապես խոշոր չափերի գումարներ և հափշտակել դրանք:

Վերջինս քաղաքացիներից տարբեր չափերի գումարներ է հափշտակել նաև բնակարաններ վարձակալությամբ տրամադրելու կեղծ պատրվակով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 56-ամյա կնոջը մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ( 2 դրվագ), 255-րդ հոդվածի 2-րդ մասի  1-ին և 3-րդ կետերով ( 3 դրվագ), 255-րդ հոդվածի  2-րդ 3-րդ կետով ( 2 դրվագ) և 255-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ): 47-ամյա կնոջը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ), իսկ 55-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ): Հիշյալ կանանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ 55-ամյա տղամարդու նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Նշված երեք մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար: