ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել է «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» արձանագրությունը։
Մահապատժի արգելքը՝ առանց սահմանափակումների, ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ: Հայաստանը հանձն է առել վերացնել մահապատիժը թե՛ համընդհանուր, թե՛ տարածաշրջանային միջազգային գործիքների միջոցով: 2003 թվականին Հայաստանը վավերացրել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ արձանագրությունը, համաձայն որի՝ մահապատժի վերացումն արդեն իսկ սահմանափակված է, սակայն այն չի բացառում մահապատիժը պատերազմի ժամանակ կամ պատերազմի անմիջական վտանգի պայմաններում կատարված արարքների համար: Այս ենթատեքստում 13-րդ արձանագրությունը դիտվում է որպես վերջնական քայլ՝ ուղղված բոլոր դեպքերում մահապատժի վերացմանը: Հայաստանի կողմից արձանագրության վավերացումը միջազգային մակարդակով կգնահատվի որպես կարևորագույն դրական առաջընթաց՝ ամրապնդելով Հայաստանի վարկանիշը՝ որպես իր պարտավորությունները հարգող միջազգային անդամ պետություն. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը՝ ներկայացնելով համաձայնագիրը։
Այս պահի դրությամբ արձանագրությունը ստորագրել է 46 պետություն, որն ուժի մեջ է մտել 44 պետության համար: Հայաստանը մինչ այժմ չէր վավերացրել արձանագրությունը: Երկրորդ երկիրը, որ դեռևս չի վավերացրել այն, Ադրբեջանն է: Արձանագրության վավերացման հարցը պարբերաբար դրվում է ինչպես Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի, այնպես էլ՝ ԵԽԽՎ օրակարգերում:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանի՝ նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել բժշկական զննության իրականացումը նաև պաշտոնավարող դատավորների համար: Նշվել է, որ բժշկական զննության կազմակերպման գործընթացում կբացառվի Առողջապահության նախարարության ներգրավումը:
Քննարկված նախագծերը ստացել են դրական եզրակացություն։