Հասարակություն

ԲԴԽ-ն նկատողություն է հայտարարել դատավոր Գևորգ Բալյանին

ԲԴԽ-ն նկատողություն է հայտարարել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Բալյանին։ 

Նա որդեգրման վճիռը կայացրել էր երեխա որդեգրելու համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի բացակայությամբ։

«Դատավորը թույլ էր տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես, վճռով հաստատել էր դիմողների կողմից երեխայի որդեգրման փաստը՝ անտեսելով այն հանգամանքը, որ դիմողները, հաշվառված չլինելով որպես որդեգրել ցանկացող անձինք, չեն ունեցել երեխա որդեգրելու իրավունք, իսկ երեխան, ներառված չլինելով որդեգրման ենթակա երեխաների ցուցակում, չի հանդիսացել որդեգրման ենթակա երեխա։ Բացի այդ դատավորը որդեգրման վճիռը կայացրել է երեխա որդեգրելու համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի բացակայությամբ, միաժամանակ չի ապահովել վճռի հիմնավորվածության և պատճառաբանվածության վերաբերյալ նորմատիվ պահանջը, որդեգրման վերաբերյալ վճիռը հրապարակել է դատական իշխանության պաշտոնական կայքում, որպիսի խախտումները հանգեցրել են նաև դատավորի վարքագծի կանոնների խախտման»,- հայտնում են ԲԴԽ-ից։

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը միջնորդություն էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ, որն էլ քննարկելով, որոշել է որոշել է բավարարել այն և դատավոր Գևորգ Բալյանին հայտարարել նկատողություն։