Հասարակություն

ՎԶԵԲ-ի առաջին փոխնախագահն այսօր կժամանի Երևան

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահ և Հաճախորդների ծառայությունների խմբի ղեկավար Յուրգեն Ռիգտերինկը  մեկշաբաթյա այց կկատարի Հարավային Կովկասի տարածաշրջան:

Ինչպես հայտնում է ՎԶԵԲ-ի մամուլի ծառայությունը, այցը կմեկնարկի Հայաստանում, այնուհետև կշարունակվի Վրաստանում  և կավարտվի Ադրբեջանում։

Առաջին փոխնախագահ Ռիգտերինկը, ՎԶԵԲ-ի Արևելյան Եվրոպայի ու Կովկասի գծով գործադիր տնօրեն Մատեո Պատրոնեի ուղեկցությամբ կհանդիպի պետական պաշտոնյաների, կենտրոնական բանկերի ղեկավար կազմի, բիզնես առաջնորդների և յուրաքանչյուր երկրում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նա նաև կներկայացնի ՎԶԵԲ-ի Կովկասի տարածաշրջանի նախկին տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին հաջորդող Ալկիս Վրյենիոս Դրակինոսին։   

Հայաստանում առաջին փոխնախագահը վարկային գծի տրամադրման պայմանագիր կստորագրի տեղական գործընկեր բանկի հետ՝ միտված մասնավոր հատվածի զարգացման հետագա խթանմանը։ Վրաստանում  Ռիգտերինկը կազդարարի նոր նախագծի մեկնարկի մասին ՎԶԵԲ-ի հիմնական գործընկեր բանկերից մեկի հետ՝ որպես փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու Բանկի հանձնառության մաս: Ադրբեջանում նա կմասնակցի Մասնագիտական կրթության պետական գործակալության  կողմից կազմակերպված տեխնիկական և մասնագիտականկրթության և ուսուցման պետական-մասնավոր համագործակցության ծրագրի մեկնարկին, որն ուղղված է սննդի արտադրության ոլորտում հմտությունների զարգացմանը: