ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որն առնչվում է կառուցապատողներին։ Մասնավորապես, առաջարկվում է կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի մուտքագրած դրամական միջոցները լրիվ կամ մասնակի՝ հօգուտ գնորդի, սառեցման հնարավորություն՝ մինչև շենքը շահագործման հանձնելը։
Ինչպես նշեց օրենքի հեղինակ Գևորգ Պապոյանը, փորձել են այնպես անել, որ կառուցապատողների համար խնդիրներ չստեղծվեն. «Գիտնականներ են վերջերս եկել մեզ մոտ, փող են տվել, որ իրենց համար շենք կառուցվի, 3-4-րդ հարկը կառուցված է, շինարարը չկա, փողերը կորած են։ Ինչ վճարել են մարդիկ՝ մեկը 80%, մյուսը 100%, ամբողջ գումարը վերցրել, գնացել են»,- ասաց Պապոյանը՝ շեշտելով, որ պետության պոզիտիվ իրավունքն է՝ պաշտպանել մարդկանց շահերը. «Այս նախագիծն է, որ այդ դեպքը, նվազագույնը էդ ծավալով, թույլ չէր տա»։