Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի Պապ և Սբ. Մարկոսի աթոռի պատրիարք Թավադրոս Երկրորդը հյուրընկալել է Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանին և Եգիպտոսում Հայաստանի դեսպան Հրաչյա Փոլադյանին։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախի շրջանի ապօրինի և անմարդկային շրջափակմանը, և Պապ Թավադրոս Երկրորդը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին բացել Հարավային Կովկասի Լաչինի միջանցքը՝ բնակչության անվտանգության ապահովման և նրանց սովից փրկելու նպատակով՝ ընդգծելով, որ այս կենսական միջանցքը փակվել է դեռևս 2022թ․ դեկտեմբերից։ Ուղղափառ եկեղեցու առաջնորդը հույս է հայտնել, որ երկու հարևան երկրների միջև խաղաղություն կհաստատվի։
Հանդիպման ընթացքում Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդն ու Կահիրեում Հայաստանի դեսպանը Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Թավադրոս Երկրորդին հրավեր են ուղղել ներկա գտնվելու Հայաստանում հոկտեմբերին կայանալիք Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը։ Պապը խոստացել է արարողությանը մասնակցելու նպատակով ղպտիական եկեղեցու պատվիրակություն ուղարկել Էջմիածին։