Հասարակություն

Որոնք են ճանապարհային երթևեկության կանոնների՝ ամենահաճախ արձանագրված իրավախախտումները

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության և Պարեկային ծառայության ստորաբաժանումների կողմից 2021-2022 թվականներին, ինչպես նաև 2023 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում՝ ճանապարհային երթևեկության կանոնների ամենահաճախ արձանագրված իրավախախտումները եղել են՝

  • տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելը,
  • ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը,
  • տրանսպորտային միջոցների անվտանգության գոտիները չամրակապած վիճակում տրանսպորտային միջոցներ վարելը,
  • վազանցի կանոնները խախտելը, երթևեկությունն սկսելու կամ մանևր կատարելու, ինչպես նաև հետընթաց վարման կանոնները խախտելը,
  • տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը,
  • հաշվառման համարանիշը սահմանված տեղում չփակցնելը,
  • առանց գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու տրանսպորտային միջոցը վարելը,
  • ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում տրանսպորտային միջոցները վարելը,
  • սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված), տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելը,  
  • տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ  (կամ դրանց) փոխարինիչներ օգտագործելը,
  • տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող կամ տվյալ տեսակի տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող  անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը։

Այս մասին Radar Armenia-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՆԳՆ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից, միաժամանակ նշելով, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության և Պարեկային ծառայության ստորաբաժանումների կողմից

  • 2021 թվականին արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 2․308․406 իրավախախտում, որով նշանակված տուգանքի չափը կազմել է 17․613․046․800 ՀՀ դրամ։
  • 2022 թվականին արձանագրվել է 2․209․491 իրավախախտում, որով նշանակված տուգանքի չափը կազմել է 19․321․592․000 ՀՀ դրամ:
  • 2023 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում արձանագրվել է 1․198․316 իրավախախտում, որով նշանակված տուգանքի չափը կազմել է 10․043․857․293 ՀՀ դրամ:

Հայկ Մագոյան