Հասարակություն

54 անհետ կորած զինծառայողի ընտանիքի ֆինանսական աջակցության տրամադրումը երկարաձգվեց

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ, 54 անհետ կորած զինծառայողի ընտանիք 32.400.000 դրամ ֆինանսական աջակցության տրամադրումը երկարաձգվեց մինչև 2023 թ. հոկտեմբեր։

Ըստ ՀՀ կառավարության հիմնավորման` որոշման ընդունումը պայմանավորված է անհետ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ։

«ՀՀ կառավարության 2020 թ. դեկտեմբերի 10-ի «Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» որոշմամբ նախատեսված է մինչև 2023 թ. օգոստոսը ներառյալ ամենամսյա սոցիալական աջակցության տրամադրում զինծառայողի ընտանիքին՝ ամսական 300.000 դրամի չափով, սակայն ոչ ավել, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը»,– նշված է որոշման մեջ: