Սոչի-Երևան և Երևան-Եկատերինբուրգ-Երևան չվերթերը չեղարկվել են օդանավերի տեխնիկական անսարքության պատճառով, հայտնում է FlyOne Armenia ընկերությունը։
«Օգոստոսի 28-ին նախատեսված Սոչի-Երևան 3F 350 չվերթը չեղարկվել է օդանավի տեխնիկական անսարքության պատճառով: Չեղարկվել է նաև օգոստոսի 29-ին նախատեսված Երևան-Եկատերինբուրգ-Երևան 3F 477 չվերթը՝ նույնպես օդանավի տեխնիկական անսարքության պատճառով: Չեղարկման մասին հայտարարվել է բոլոր ուղևորներին։ Ըստ ավիացիոն գործող կանոնների՝ ուղևորները չվերթի հետաձգումից հետո ապահովվել են հյուրանոցով:
Ընկերությունը չեղարկված չվերթերի բոլոր ուղևորներին առաջարկում է` գումարի ամբողջական վերադարձ կամ գումարի փոխանցում ուղևորի անունով FlyOne Armenia-ի առցանց միջավայրի վիրտուալ դրամապանակ` տոմսի գումարի 110%-ի չափով, թռիչքի օրվա փոփոխություն՝ FlyOne Armenia-ի կամ այլ ավիաընկերության միջոցով:
Ավիաընկերության աշխատակիցները մշտական ու անհատական կապի մեջ են ուղևորների հետ՝ առաջացող ցանկացած խնդրին արագ ու ժամանակին լուծում տալու ուղղությամբ։ Ընկերության ուղևորների սպասարկման ծառայությունը հասանելի է ուժեղացված ռեժիմով։ Ավիաընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,- ասված է հայտարարությունում։