Հասարակություն

Գերագույն հոգևոր խորհուրդը քննադատել է Ադրբեջանի հերթական բռնությունը

Օգոստոսի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով: Ժողովը բացվել է Տերունական աղոթքով, ապա Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին ողջունել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերելով ժողովականներին:

Ժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանում և Արցախում ստեղծված կացության, Սրբալույս մյուռոնի օրհնության, եպիսկոպոսական ձեռնադրության և Մայր Տաճարի վերանորոգման ընթացքին առնչվող հարցեր։ Քննարկման առարկա կդառնան նաև եկեղեցա-վարչական և Եկեղեցու առաքելության արդյունավորման վերաբերյալ այլ հարցեր:

Հընթացս ժողովի՝ Գերագույն հոգևոր խորհուրդը, տեղեկանալով Բերձորի միջանցքում հայ երիտասարդների առևանգման մասին, խստորեն դատապարտել է ադրբեջանական իշխանությունների կազմակերպած հերթական բռնությունն ու սադրիչ գործողությունը, ինչը շարունակվող թշնամական դրսևորումն է Ադրբեջանի հակահայկական քաղաքականության։