ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
««Երևան Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում այսօր մեկնարկել է Իրանի Իսլամական Հանրապետության ազատ և հատուկ տնտեսական գոտիների ներդրումային փաթեթների և արտահանման հնարավորությունների ցուցահանդեսը։
Կարծում եմ՝ այս ցուցահանդեսի անցկացումը շատ կարևոր է, քանի որ այս տարի Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 15 տոկոսով, ինչը նշանակում է, որ մեր երկու երկրների տնտեսության ոլորտի ղեկավարների առջև դրված 3 մլրդ առևտրաշրջանառությանը հասնելու համար մեզ պետք է բացահայտել նոր հնարավորություններ։
Այս իմաստով ազատ գոտիները շատ մեծ հնարավորություն են ընձեռում, և այս ցուցահանդեսի շրջանակներում կարող ենք հասկանալ, թե ինչ կարող են տալ Իրանի ազատ տնտեսական գոտիները հայ ներդրողներին, արտադրողներին և առևտրային ընկերություններին։
Հուսով եմ՝ կկարողանանք այս ոլորտում առկա իրանական լավ փորձը Հայաստանում ներդնել»։