Հայաստանի և Իրանի երկկողմ առևտրաշրջանառությունը աշխուժացնելու նպատակով Իրանի 7 ազատ առևտրի գոտիների 60 իրանական և 50 հայկական ընկերություններ արդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ուղղություններով իրենց արտադրանքներն են ներկայացնում եռօրյա ցուցահանդեսի շրջանակներում, որը բացվել է Երևանում։
Ցուցահանդեսում առանձին տաղավարներով ներկայացված են զբոսաշրջության, թեթև արդյունաբերության, սննդի արդյունաբերության, մեքենաշինության և տեքստիլ ոլորտների ընկերությունները։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, թե ցուցահանդեսի միջոցով հնարավոր կլինի նորովի բացահայտել Իրանի հնարավորությունները հայ ներդրողների համար և Հայաստանի հնարավորությունները` իրանցիների համար։
«Չնայած նախորդ երկու տարում Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը կրկնապատկվել է, սակայն աճի տեմպը դանդաղում է, և պետք է գտնել նոր հնարավորություններ` երկկողմ շրջանառությունը հասցնելու այն թիրախներին, որը նախանշվել է երկու երկրների ղեկավարների կողմից, այն է` 3 մլրդ դոլարի։ Հիմա մոտ 800 մլն դոլար տեմպի վրա ենք գտնվում, որը շատ ավելի քիչ է, քան նախանշել են երկրների ղեկավարները։ Մենք տեսնում ենք, որ ազատ առևտրի գոտիների միջոցով համագործակցությունը նոր թափ կհաղորդի երկկողմ առևտրաշրջանառությանը»,-ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանում իրանցիները 2-րդ ամենախոշոր օտարերկրյա ներդրողներն են` զիջելով միայն ՌԴ-ին։ Միայն այս տարվա առաջին կիսամյակում իրանական մոտ 300 ընկերություն է բացվել Հայաստանում։ Քերոբյանի համոզմամբ` սա լավ տեմպ է, սակայն այն ավելացնելու հնարավորություններ կան։