Հասարակություն

«Այդ ծառը ես եմ տնկել՝ իմ միջոցներով»․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում արձագանքել է Էդուարդ Հայրումյան օգտատիրոջ գրառմանը, որը նշել էր, որ տեսանյութում երևացող եղևնին տնկվել է երկու ճանապարհների արանքում՝ թունելի վրա ու առաջին իսկ օրվանից պարզ էր, որ կչորանա։

«Հարգելի Էդուարդ, այդ ծառը տնկել եմ ես՝ իմ միջոցներով, այն իմ կողմից Երևանում տնկված երկրորդ ծառն է: Առաջինը կարող եք տեսնել Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկին: Այս մեկ ծառի տնկման մասին տեղեկություն կա նաև համացանցում:

Ծառը մշտապես ջրվել է իմ խնդրանքով, հարակից շենքում աշխատող կազմակերպության կողմից, բայց, ցավոք, հիվանդության պատճառով այն չորացել է: Ես պատրաստվում եմ աշնանն այն փոխարինել նորով: Խնդրում եմ, տեսանյութներ պատրաստելիս ավելի լավ ուսումնասիրել թեման:

Երևանում տարեկան հարյուրավոր ծառեր են տնկվում և, բնական է, որ լինում են սխալներ, ինչպես այն, օրինակ, կա ձեր այս ծրագրում:

Հ.Գ. Կարևոր աշխատանք եք իրականացնում՝ քաղաքացիական վերահսկողության, որը միայն օգտակար կարող է լինել, եթե այն օբյեկտիվ է և անկեղծ, շնորհակալություն»: