ՀՀ կառավարության որոշմամբ, Հայաստանի ճանապարհահատվածների հիմնանորոգման համար կհատկացվի 8 մլրդ 972 մլն դրամ։ Կվերանորոգվի ընդհանուր 81 կմ երկարությամբ ճանապարհ։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց նախագիծ, համաձայն որի՝ Հայաստանում նախատեսվում է 81 կմ ճանապարհի հիմնանորոգում կատարել, որից 25,6-ը՝ միջպետական նշանակության, 42,5-ը՝ հանրապետական, 12,9-ը՝ տեղական նշանակության է:
Այդ ծրագրի շրջանակներում վերանորոգվելու է նաև Մ-1, Երևան-Գյումրի-Հայաստանի Հանրապետության սահման միջպետական նշանակության 11.5 կմ ավտոճանապարհը, որ սկսվում է Աշոցքից և հասնում մինչև Բավրա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքները մանրամասն ներկայացրեց՝ նշելով, որ հիմա Գորիս-Երևան ճանապարհը բավականին լավ վիճակում է. «Ընդ որում՝ դեռ աշխատանքներն ավարտված չեն, աշխատանքի մի մասն է արված, բայց այն ծավալի աշխատանք կա արդեն արված, որ երթևեկողները, Գորիսում, նաև Կապանում մեր հայրենակիցները խոսում էին ճանապարհին ժամանակի կրճատման մասին, որ նրանք ծախսում են Երևան և հակառակ ուղղությամբ գալու և գնալու համար»։