Հասարակություն

Հայկ Մարությանը 21 անշարժ գույք ունի Չեխիայում և ոչ մեկը Երևանում. հրապարակվել է նրա հայտարարագիրը. News.am

Երևանի ավագանու ընտրություններում «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր հայտարարագրերը: Հայտնում է News.am-ը։

Նշվում է, որ Հայկ Մարությանը, մասնավորապես, հայտարարագրել է 21 անշարժ գույք Չեխիայի Հանրապետությունում՝ համատեղ սեփականությամբ, 2 անշարժ գույք՝ Ավստրիայում, և մեկ վարձակալած բնակարան Կոտայքի մարզի Առինջ գյուղում:

Մարությանը Չեխիայի Հանրապետության Սթրեդոչեսկի երկրամասի Յենշտեյն Զլատնիցկայում ունի հողամաս: Պրահայում նա ունի բնակարաններ, բնակելի տներ, ավտոկայանատեղիներ, հողամասեր, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքներ. օրինակ՝ Չեխիայի Պրահա Լիբեն Վ Զահրադախում՝ 72,54 քմ բնակարան, Պրահայի Լետնյանի Տերեզինսկայում ավտոկայանատեղի՝ 18 քմ, Պրահայի Լիբեն Կրեյչիհո շենքում բնակարան՝ 62,70 քմ, Պրահայի Կբելի Հերլիկովիցկա շենքում բնակարան՝ 56,75 քմ, բնակելի տուն՝ Վինոր Լիպոլտիցկայում, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք՝ Զահրադախ շենքում:

Քաղաքապետի թեկնածուն վերջին մեկ տարվա ընթացքում 16 աղբյուրից եկամուտ է ստացել՝ Չեխիայյում գույքի վարձակալության դիմաց ավելի քան 1 մլն 306 հազար չեխական կրոն (մոտ 60,000 դոլար), եւ ավելի քան 450 մլն դրամ՝ և օտարումից, ծառայությունների մատուցման պայմանագրերից, ինչպես նաեւ «ԱԱԱ փրոջեքթս» ՍՊԸ շահաբաժնից, որի 100 տոկոս բաժնետերը Մարությանն է։ Նրա դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ( 2023թ. օգոստոսի 22) եղել է 269 հազար 8 հարյուր դոլար, 250 հազար 200 եվրո, 14 միլիոն 950 հազար դրամ, 2 միլիոն 265 հազար 750 չեխական կրոն: Հայաստանում որեւէ անշարժ գույք, ինչպես նաեւ թանկարժեք կամ շարժական գույք Մարությանը չի հայտարարագրել։

Նշենք, որ հնարավոր է՝ Հայաստանում Մարությանը սեփականություն ունենա կնոջ անունով, որի հայտարարագիրը Մարությանի՝ քաղաքապետի պաշտոնը լքելուց հետո չի հրապարակվում։