Հասարակություն

Անկախությունը հռչակագրերով չէ, անկախությունը ձևավորվում է շատ կոնկրետ երևույթներով. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Անկախության վերականգնումից ի վեր Հայաստանում քանի՞ դոլարային միլիոնատեր ձևավորված կլինի, որ տնօրինում է տասնյակ միլիոնավոր դոլարներ, եթե չասենք հարյուրավոր միլիոնների: 

Երևի թե կլինի այդպիսի մի քանի տասնյակ գործիչ:
Այդ ընթացքում նրանցից քանի՞սն է իր տնօրինած տասնյակ միլիոններից մի քանի տասնյակ հազարն ամսական հատկացրել հասարակական-քաղաքական մտքի ստեղծման գործին, ձևավորել մի բարձր որակավորում ունեցող ուղեղային կենտրոն կամ մասնագիտական բարձրության վրա գտնվող մի լրատվամիջոց․ լինի հեռարձակող, տպագիր, թե համացանցային:

Այո, չի եղել այդ ամենի հայաստանյան շուկայական պահանջարկը, դա չէր կարող լինել եկամտաբեր, բայց ես խոսում եմ այդ մարդկանց ներքին պահանջարկի մասին: Նրանք, բացի իրենց կյանքի շքեղություններից, բենթլիների քանակից, դղյակների բարձրությունից ու երկարությունից, այլևայլ ցոփուշվայտություններից, ուրիշ ինչի՞ պահանջարկ են ունեցել ներսում, ինչի՞ մասին են մտածել, իհարկե, «ժողովրդի մասին»-ի ձևականություններից զատ:

Նրանք մտածել ե՞ն մտավոր, արժեքային որակի ինստիտուցիոնալ նախադեպ ստեղծելու մասին: Կա՞ մի այդպիսի օրինակ: 
Փոխարենը կան հազարավոր օրինակներ՝ տասնյակ տարիներով կուտակված, թե ինչ փողեր են ծախսվել մամուլում միմյանց դեմ տարաբնույթ բամբասանքներ պատվիրելու, կամ սեփական գործունեության պրիմիտիվ ձոներ ստեղծագործելու համար:

Սա է եղել, այսպես կոչված, տնտեսական վերնախավի կամ խոշոր սեփականատերերի տխուր պատկերը, անկախ նրանց քաղաքական համակրանքներից կամ կողմնորոշումներից: Հայաստանի ճակատագիրը քաղաքական վերնախավերը չէ միայն, որ աղավաղել են, այլև այս դասը, ընդ որում՝ կամա, թե ակամա, որովհետև նրանցից շատերը նաև անկեղծորեն չեն էլ գիտակցել, թե նյութականից բացի կարող են լինել նաև այլ արժեքներ և ուղենիշեր:

Անկախությունը հռչակագրերով չէ, անկախությունը ձևավորվում է շատ կոնկրետ երևույթներով, կամ շատ կոնկրետ երևույթներով խեղվում ու նենգափոխվում՝ պետականությունը թողնելով միայն զանազան քաղաքական-քարոզչական «հռչակագրերի» հույսին, որոնք ունեն մեկ նպատակ․ նշանակել քավության նոխազներ՝ անցյալից, ընթացիկ և ավանսով»: