Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2023

USD387.36

EUR405.83

RUB3.96

Երևան 22 ℃

Рус Eng

Մեկնարկել է ոստիկանների ատեստավորման գործընթացը

Հասարակություն

22 Օգոստոսի, 8:20

ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ոստիկանության ծառայողների ատեստավորման գործընթացը։ Այս ծառայողներն առաջինն են, որոնք պատրաստակամություն են հայտնել մասնակցելու ատեստավորմանը ու հաջողության դեպքում բարձրացնելու իրենց սոցիալական երաշխիքները՝ օրինակ դառնալով մյուս ծառայողների համար։
 
ՆԳՆ-ից տեղեկացնում են՝ օգոստոսի 21-ին, ատեստացիայի առաջին օրը, ընդհանուր գիտելիքների ստուգմանը հետևել է ոստիկանության ծառայողների ատեստավորման հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա ողջունել է ներկաներին և մաղթել հաջողություն։
 
Գործընթացին հետևել են նաև ոստիկանության ծառայողների ատեստավորման հանձնաժողովի անդամները։ Հանձնաժողովում ընդգրկված են ոստիկանության պետն ու տեղակալները, ԱԺ պատգամավոր, ՀՀ վարչապետի օգնականը, ԿԳՄՍ նախարարության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
 
Նշենք, որ ատեստացիային ընդառաջ իրականացվել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ, գործընթացը ծառայողների համար մատչելի դարձնելու նպատակով մշակվել է համապատասխան ուղեցույց։
 
Ատեստացիայի առաջին՝ ընդհանուր գիտելիքների ստուգմանը, որի ամբողջ գործընթացը տեսաձայնագրվում էր, մասնակցում էին Ոստիկանության զորքերի, ոստիկանության տարածքային բաժինների և պետական պահպանության գլխավոր վարչության 89 ծառայողներ, իսկ ընդհանուր առմամբ՝ ատեստավորման համար դիմել է արդեն 1272 ոստիկան։ Ոստիկաններն ունեն երեք տարի՝ ատեստացիա անցնելու համար:
 
Հիշեցնենք, որ ատեստացիան բաղկացած է մի քանի փուլից. ընդհանուր թեստավորման փուլ, ստուգարք՝ ֆիզիկական և կրակային պատրաստականությունից, վերջում՝ մասնագիտական թեստավորում, իսկ գլխավոր ու բարձրագույն խմբերի դեպքում՝ նաև հարցազրույց հոգեբանի մասնակցությամբ։ Նշված ողջ գործընթացից հետո, ըստ արձանագրած ցուցանիշների, կբարձրանան ծառայողների սոցիալական երաշխիքները։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը