«Այդ ընտանիքը Գավառի բնակիչներ չեն, պարզապես Գավառում վարձով են ապրել ու արդեն տարիուկես է՝ Գավառում չեն». անդրադառնալով այսօր առավոտյան տարածված տեսանյութին՝ Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Գավառի փոխհամայնքապետ Գրիգոր Դաշտոյանը։ Նրա խոսքով՝ ընտանիքի ամուսինը՝ Թաթուլ Մադաթյանն, արմատներով Իջևանից է, տեսանյութի կինը՝ Աննա Արևշատյանը, Շամշադինի Բերդ քաղաքից։
«Նրանք 2-3 տարի են Գավառում ապրել։ Ամուսնու դեպքից հետո կինը երեխաների հետ տեղափոխվել էր Երևան։ Մենք ամուսնու հետ կապված դեպքն էլ փորձեցինք իրավական համակարգից ճշտել։ Նախնական տվյալներով՝ դեպքը եղել է Երևանում։ Իրենք Գավառի հետ ընդհանրապես կապ չունեն»,- ասաց Դաշտոյանը։
Նշենք, որ այսօր համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական և հոգեկան դաժան բռնության է ենթարկում դստերը՝ իր մյուս երեխաներին մասնակից դարձնելով գործընթացին։
Radar Armenia-ն Բարձրագույն դատական խորհրդից տեղեկացավ, որ Թաթուլ Մադաթյանն այս պահին ազատազրկված է և մեղադրվում է անչափահասի նկատմամբ սեռական գործողություններ կատարելու համար։ ԲԴԽ-ից հայտնեցին, որ գործը դատաքննության փուլում է, և բանտարկության որոշում դեռ չկա։
«Դատալեքս»-ից էլ տեղեկացանք, որ երեխային բռնության ենթարկած կինը՝ Աննա Արևշատյանը, նույնպես ունի քրեական անցյալ՝ 2017 թվականին դատապարտվել է 3 ամիս ժամկետով ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ սուտ մատնության համար։ Նա 2017թ․ հունիսի 9-ին կատարել է սուտ մատնություն այն մասին, որ 2009թ․-ից մինչև 2017թ․ մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում քաղաքացի Հովիկ Խեչյանը, առանց աշխատավարձ վճարելու, իրեն և ամուսնուն՝ Թաթուլ Մադաթյանին, ներգրավել է հակադիր աշխատանքների կատարման մեջ։ Կինը, սակայն, չի ազատազրկվել, քանի որ 4 անչափահաս երեխա ուներ։
Հիշեցնենք՝ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել են, որ Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է:
Հայկ Մագոյան