Կառավարությունը միջոցներ հատկացրեց ջրային պարեկային ստորաբաժանման ձևավորման համար։
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ներկայացնելով որոշման նախագիծը, նշեց, որ ջրային պարեկային ստորաբաժանման ստեղծման նպատակը Սևանա լճում և դրա ավազանում իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացումն է. «Այն իր բնույթով նոր ձեռագիր կապահովի բոլոր առումներով անվտանգ և ապահով լիճ ունենալու հեռանկարի իրացման հարցում»,- ասաց նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, թե նախատեսված է մոտ 10 մ երկարությամբ 4 մոտորանավակ ձեռք բերել պետբյուջեի միջոցներով և միջազգային գործընկերների աջակցությամբ։ Ձեռք են բերվելու նաև դրոններ, որոնք ևս կօգտագործվեն լիճը հսկելու համար։
Փաշինյանի խոսքով՝ այդպիսով Սևանա լճում ապօրինի ձկան որսը գործնականում դառնալու է անհնար. «Մենք նաև որոշակի ընթացակարգեր ենք սահմանել, թե ինչպես իրականացվի որսը լճից, և այսօրվանից ոստիկանությունը, մարզպետարանը, շրջակա միջավայրի նախարարությունը ակտիվ շփումներ պետք է իրականացնեն ձկնորսների հետ՝ ներկայացնելով, թե ինչ է տեղի ունենալու»։