Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է ճանապարհային երթևեկության անվտանգությանը՝ շեշտելով, որ այդ ուղղությամբ պետք է միջոցներ ձեռնարկվեն։
Փաշինյանը, հիշատակելով Շիրակում օրերս տեղի ունեցած ողբերգական ավտովթարը, նշել է. «Դեպքից անմիջապես հետո փորձել ենք հասկանալ, թե ինչ կարող էին անել մեր ծառայությունները՝ վթարը կանխարգելելու համար։ Առաջին միտքն այն էր, որ եթե ավտոմեքենաների վարորդների փաստաթղթերի հետ ինչ-որ բան այն չէ, մենք կարող էինք վերապահում ներկայացնել ոստիկանությանը, թե ինչու այդ ճանապարհին չեն հայտնաբերել մեքենան, որ պատշաճ փաստաթղթեր չունի։ Բայց շատ արագ արձանագրեցինք, որ նաև վարորդական իրավունքներն են իրավազոր։ Ընդ որում, մենք վարորդների վարորդական խախտումների հետագիծն ենք դուրս բերել․ ոչ մի առանձնահատուկ բան չկա։ Չենք կարող ասել, որ նրանք առանձնահատուկ խախտումների հակված են եղել, կարծում եմ՝ այնպիսի խախտումներ են, որ յուրաքանչյուր վարորդի հետ անպայման տեղի կունենար։ Սահմանված արագությունը 2 կմ/ժ-ով խախտելու համար է տուգանվել, կարմիր լույսի տակ գիծը հատել են․ նման խախտումներ են։ Մեքենաներն ապահովագրված են, տեխնիկական զննում անցած, և դեպքն, ըստ ամենայնի, քննությունը կպարզի»,- նշել է նա։
ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն էլ նշել է, թե դեպքի հետ կապված նշանակվել է փորձաքննություն, որի արդյունքներից պարզ կլինի՝ եղե՞լ է խախտում, թե՞ ոչ, և ով է մեղավոր խախտման համար։
Վարչապետը նշել է նաև, որ երթևեկության անվտանգության ապահովման համար միջոցառումները պետք է լինեն շարունակական։ Ըստ նրա՝ փոխվարչապետի գլխավորությամբ գործում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բարձրացման աշխատանքային խումբ, որը փորձում է վերլուծել վթարների պատճառները, դուրս բերել սև կետերը. «Սա մի աշխատանք է, որ անընդհատ պետք է արվի»։