Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան «Մարդկային անվտանգության ծրագրերի» շրջանակում Սպիտակի բժշկական կենտրոնին առաջիկայում կտրամադրվեն բժշկական կարևորագույն սարքավորումներ:
Դրամաշնորհի պայմանագիրը կնքվել է «Սպիտակ Ֆերմեր» ՀԿ-ի և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան միջև: Հանդիսավոր միջոցառմանը ներկա է եղել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ֆուկուսիմա Մաշանորին, Առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, առողջապահական և ՏԻՄ ոլորտի ներկայացուցիչներ:
Ծրագրի ընթացքում նախատեսվում է ձեռք բերել գաստորոկոլոնոսկոպիկ սարքավորումների լրակազմ, որը նվիրաբերվելու է Սպիտակի բժշկական կենտրոնին: Նախատեսվում է նաեւ վերանորոգել և կահավորել գաստրոկոլոնոսկոպիայի համար նախատեսված սենյակը:
Սպիտակի բժշկական կենտրոնը՝ Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ, այսուհետ կունենա ժամանակակից գաստրոկոլոնոբրոնխոսկոպ, ինչն ուռուցքային, այդ թվում՝ կոլոռեկտալ ուռուցքի վաղ հայտնաբերման գերժամանակակից հետազոտություն է: Մինչ այս պահը բժշկական կենտրոնում առկա է եղել միայն գաստրոսկոպ, այն էլ 30 տարվա արտադրության: Մարզի այն պացիենտները, որոնք կարիք են ունեցել անհրաժեշտ հետազոտությունների, ուղեգրվել են մայրաքաղաքային բժշկական հաստատատություններ, մինչդեռ ստացվող նորագույն սարքավորումներն այսուհետ թույլ կտան ժամանակին և ճգրիտ ախտորոշել ուռուցքային հիվանդությունները, որի արդյունքում կունենանք բազմաթիվ փրկված կյանքեր:
Իր խոսքում Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանը կարևորելով սարքավորումների անհրաժեշտությունը, շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատանն ու բոլոր այն անձանց ու կառույցներին, որոնց շնորհիվ բժշկական կենտրոնը շարունակում է առաջ ընթանալ՝ տարածաշրջանի ազգաբնակչությանը մատուցելով որակյալ և արդյունավետ բուժօգնություն: ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մաշանորին և Սպիտակի բժշկական կենտրոնի վիրաբույժ Նարեկ Ամիրյանը համատեղ կատարել են «Երազի իմ երկիր հայրենի» երգը: