Հասարակություն

Ինչո՞ւ են խոտանված գիրքը վաճառել զեղչով. «Բուկինիստ»-ի տնօրենը պարզաբանում է

Ակտիվիստ Արտակ (Պաստաֆարիան) Գաբոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ եղբոր կինը մի քանի ամիս առաջ «Բուկինիստ»-ից գնել էր Նարինե Աբգարյանի «Զուլալի» գիրքը և տարել Գերմանիա, որտեղ պարզվել էր՝ այն խոտանված է․ 20 էջ կրկնվում է։ Գերմանիայից կապվել են խանութի հետ, բացատրել եղելությունը, որտեղից առաջարկել են ետ ուղարկել՝ փոխելու։

Ըստ գրառման հեղինակի՝ երբ գիրքը տարել են, որ փոխարինեն, ասել են, թե այդ գիրքը զեղչով է եղել․ «Դե տենց ա եղել, դրա համար էլ զեղչի տակ ա եղել»,-պատասխանել են «Բուկինիստ»-ից։ 

«Մարդիկ գիտակցաբար ծախում են բռակ, փաստացի օգտագործման համար ոչ պիտանի ապրանք՝ զեղչով»,- գրել է Գաբոյանը՝ հավելելով, որ առաջարկել են վճարել գնի տարբերությունը, որպեսզի նոր գիրք տան։

Մեկնաբանություն ստանալու նպատակով Radar Armenia-ն կապ հաստատեց «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ։ Տնօրենը նախ շնորհակալություն հայտնեց օգտատիրոջը՝ հարցը բարձրացնելու համար․ «Ինձ թվում էր, թե իմ աշխատողները գիտեն հանրահայտ կարգը, բայց պարզվեց, որ ինչ-որ մեկը չգիտի։ Այդ մարդուն, նաև՝ ձեզ, շնորհակալ եմ նրա համար, որ բոլորն իմանան՝ խոտանված ապրանքը վաճառելու իրավունք չունի ոչ մեկը։ Դա կլինի արտադրական, թե տպագրական՝ խոտան ապրանքը չի կարելի վաճառել։ Սա՝ ի գիտություն ժողովրդի․ եթե նման թյուրիմացություն է եղել, թող տանեն հանձնեն և ստանան իրենց տված ամբողջ գումարը կամ փոխարինեն նորով»։

Վարդանյանը հավաստիացրեց, որ աշխատակիցները պատժվել են․ մեկը խիստ նկատողություն է ստացել, մյուսը՝ նկատողություն։

Հայկ Մագոյան