Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է տնային պայմաններում խնամքի ծառայություններ տրամադրել տարեց և/կամ հաշմանդամություն ունեցող անձանց։ Այս նպատակով 2023 թվականի համար հատկացվել է ավելի քան 200 մլն դրամ․ ծառայություններից օգտվում է 1250 շահառու։
Ծրագրի շրջանակում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեցներին ու հաշմանդամություն ունեցող անձանց, անհատական սոցիալական կարիքներին համապատասխան, տրամադրվում են կենցաղային, բժշկասոցիալական, սոցիալ-հոգեբանական և խորհրդատվական ծառայություններ։ Երևանում և Աբովյան համայնքում բնակվող անձանց տնային պայմաններում տրամադրվում են նաև հատուկ (մասնագիտացված) խնամքի ծառայություններ։
Ծառայությունները տրամադրվում են հասարակական կազմակերպությունների և «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով։ Դրանցից օգտվելու նպատակով՝ շահառուները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության իրենց բնակության վայրի տարածքային կենտրոններ։