ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Շիրակի մարզում այսօր գիշերը տեղի ունեցած վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված 6 տուժածներից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 4-ի առողջական վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր:
«1 տուժած Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վերակենդանացման բաժանմունք:
Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծանր է:
Դեպքի վայրից «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված 3 տուժածի առողջական վիճակը գնահատվել է թեթև: Նրանք հետազոտվել են, ստացել են առաջին բուժօգնություն և դուրս գրվել:
Ցավակցում ենք մահացածների ընտանիքներին և հարազատներին: Վթարից տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- հայտնում են նախարարությունից:
Հիշեցնենք, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Պ․, ծնված 1990 թ.): Զոհվել է 11 հոգի։