ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի 2023 թ. երիտասարդական մայրաքաղաք Մեծամորում այսօր տարաբնույթ միջոցառումներով նշվել է Երիտասարդների միջազգային օրը: Այն այս տարի կրում է «Կանաչ հմտություններ երիտասարդների համար» խորագիրը:
Միջոցառումներին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՄԱԿ-ի հանձնակատարի ժամանակավոր պաշտոնակատար Նոննա Սկաուն, համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է երիտասարդներին միջազգային օրվա կապակցությամբ՝ կարևորելով նրանց ներգրավվածությունը էկոլոգիական միջավայրի պահպանման, մարտահրավերների դիմագրավման գործում:
Փոխնախարարը կոչ է արել երիտասարդներին լինել նախաձեռնող, ստեղծարար և չվախենալ համարձակ գաղափարներից. «Դուք եք նոր փոփոխությունների առաջամարտիկը: Մի՛ վախեցեք նոր գաղափարներից, եղե՛ք ստեղծարար, զարգացրե՛ք ձեր համայնքը՝ շարունակաբար կրթվելով ու նոր հմտություններ ձեռք բերելով: Լավ քաղաքացի լինելու համար պետք է պարզապես սիրել հայրենիքը՝ ցանկացած ոլորտում առաջնորդվելով պետականամետ մտածողությամբ՝ նպաստելով հանրային բարօրությանը»:
Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես մեծացնում է երիտասարդների կարողությունների զարգացման և ինքնիրացման հնարավությունները՝ խրախուսելով նրանց մասնակցությունը տարբեր ծրագրերին:
Օրվա շրջանակում Մեծամոր համայնքում կազմակերպվել են տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ վարպետության դասեր, սպորտային-ժամանցային մրցույթ, երիտասարդական հնարավորությունների տոնավաճառ, քաղաքականության վերաբերյալ իրազեկման արշավ, ինտերակտիվ խաղ, շխատարաններ՝ երիտասարդության մասին օրենքի, երիտասարդական աշխատողի, երիտասարդական ոլորտում աջակցության մասին թեմաներով:
Մեծամորցի երիտասարդները մեծ ոգևորությամբ են մասնակցել միջոցառումներին՝ նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերման ակնկալիքով: Նարեն, որ ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող է, մասնակցել է «Բատիկա» վարպետության դասին: «Ինձ համար նոր ոլորտ էր: Որոշեցի մասնակցել՝ հասկանալու համար արվեստի այդ ճյուղի նրբությունները: Ընթացքը և արդյունքը շատ հետաքրքիր էին»,- տպավորություններով կիսվել է Նարեն: Իսկ «Սթրիթ արթ» վարպետության դասի ղեկավարը՝ Արեգ Բալայանը՝ որպես մասնագետ, կարևորել է իր նկարչական հմտությունների փոխանցումը պատանիներին և երիտասարդներին, նրանց շրջանում հետաքրքրության մեծացումը և արվեստով վարակելը:
Օրը կամփոփվի համերգային կատարումներով:
Միջոցառումներն իրականացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Մեծամորի երիտասարդական խորհրդարան ՀԿ-ն, «Ընտանիք և համայնք» ՀԿ-ն, «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ն, «The body shop»-ը, «Մունետիկ» մանկապատանեկան մշակութային ՀԿ-ն և Մեծամորի համայնքապետարանը։