Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով գործադիրն ընդունել է որոշում:
ՀՀ կառավարության 2022 թ. մայիսի 13-ին ընդունվել է «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2022-2024 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը, ռազմավարության իրականացման հսկողությունն ու համակարգումն ապահովող անձանց ցանկը հաստատելու մասին» համապատասխան որոշումը, որով հաստատվել է հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության 2022-2024 թթ. ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը, նախանշվել են 2022-2024 թթ. ծրագրերն ու միջոցառումները:
Հիմնավորման համաձայն՝ ներկայումս առաջացել է ճանապարհային քարտեզով նախանշված միջամտությունները վերանայելու անհրաժեշտություն:
Ըստ այդմ` առաջարկվում է ընդլայնել ռազմավարության առաջին փուլի և ճանապարհային քարտեզի ժամանակային միջակայքը մինչև 2025 թվականը, ճշգրտել միջոցառումների շրջանակը՝ ելնելով ընթացիկ զարգացումներից, վերանայել դրանով նախանշված միջոցառումների ժամկետները՝ ելնելով կառավարության ներկա փուլի գերակայություններից և ռեսուրսների հասանելիությունից, ճշգրտել միջոցառումների համար ինստիտուցիոնալ պատասխանատու գերատեսչություններին ու կառույցներին՝ ելնելով վերջիններիս օրենսդրական լիազորություններից ու պատասխանատվության շրջանակից: