Հասարակություն

Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման արդյունքում էապես կկրճատվի երթևեկության տևողությունը ու կնվազեն խցանումները

Գործադիրն ընդունել է «Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա - Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածում առկա գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ 2014 թ. Երևանի քաղաքապետարանն ավարտել է շինարարական աշխատանքները և շահագործման է հանձնել Մոնթե Մելքոնյան փողոցը՝ Իսակով-Լենինգրադյան ճանապարհահատված:

Այս փողոցի տրամաբանական շարունակությունն է հանդիսանում Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը, որը միմյանց կկապի Երևան քաղաքի մի քանի վարչական շրջաններ՝ իր վրա վերցնելով տրանսպորտային մեծ հոսքեր: Նախագծանախահաշվային փաթեթի պատրաստման աշխատանքներն ավարտված են և նախագիծը պատրաստ է: Այն ներառում է Իսակով պողոտայի վրա առկա ճանապարհային հանգույցի անհրաժեշտ թևերի կառուցում. ապահովվելու է մուտք դեպի Նորագյուղ թաղամաս և Հրազդան գետի վրա կառուցվելու է 269 մ երկարությամբ երկաթբետոնե հեծաններով կամուրջ:

Արշակունյաց պողոտայում կառուցվելու է թունելային անցմամբ և շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույց: Հիմնական ճանապարհի երկարությունը 1.86 կմ է: Ճանապարհը հիմնականում բաղկացած է 6 երթևեկելի գոտուց (3x3), որտեղ ճանապարհի երթևեկելի հատվածի լայնությունը կազմում է 24.5 մ: Ճանապարհահատվածի կառուցման համար ներկայումս ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի միջև քննարկվում է նոր վարկային ծրագիր՝ Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիրը:

Հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, ըստ սահմանված ընթացակարգի, Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի համապատասխան Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը՝ տվյալ ճանապարհահատվածի համար: Վերջինիս հաստատվելուց հետո, օրենքով սահմանված կարգով կմեկնարկի գույքերի իրացման գործընթացը, որին կհաջորդեն շինարարական աշխատանքները: Առաջարկվող ճանապարհահատվածի կառուցման արդյունքում էապես կնվազի Երևան քաղաքի Հաղթանակի կամրջի, Արգիշտի-Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց պողոտա խաչմերուկների ծանրաբեռնվածությունը, էապես կկրճատվի երթևեկության տևողությունը ու կնվազեն խցանումները: