«Ճանապարհների սպասարկման որակը խայտառակ վատ է». հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սովորույթի ուժով կան բաներ, որոնց նայում ենք, բայց չենք նկատում․ «Եթե ձյուն է տեղում, բոլորիս նորմալ ռեակցիան այն է, որ ճանապարհը սպասարկող ընկերությունները պետք է դուրս գան ու սկսեն ձյունը մաքրել․ այստեղ զարմանալու բան չկա։ Վերջին տարիներին այդ ոլորտում որոշակի որակական փոփոխություններ են տեղի ունենում։ Իսկ եթե անձրև՞ է գալիս։ Ես ականատես եմ եղել, որ երբ անձրև է գալիս, անձրևաջրերը բերուկը բերում, ճանապարհի վրա են լցնում։ Մի օր, երկու օր ոչ մի բան տեղի չի ունենում։ Տպավորությունն այնպիսին է, որ բոլորը սպասում են ավելի կառուցողական անձրևի, որը կգա ու կմաքրի էդ բերածը։ Երրորդ իրավիճակը՝ ձյուն ու անձրև չի եկել, բայց ճանապարհի մաքրման մասին ոչ մեկը չի մտածում, որովհետև դրանով անցնում են բեռնատարներ։ Սահմանել ենք, որ ավազը պետք է փակ լինի, բայց բեռնատարների արանքից ավազը թափվում է, անիվների հետ է գալիս ավազ, քար, խիճ, քամին է բերում, և ոչ մեկի մտքով չի անցնում, որ այդ ճանապարհները պետք է ամենօրյա ռեժիմով մաքրել։ Ընդ որում, ես արձանագրել եմ, որ կառավարության ընդունած որոշումներում հենց այդպես էլ նախատեսված է՝ կա ճանապարհ սպասարկող ընկերություն, որ ամեն օր, անկախ եղանակից, պետք է մաքրի։ Այս հարցին մենք անդրադարձել ենք 2021-ին, երբ ասում էինք՝ նոր գներ ենք սահմանում, նոր որակի մրցույթ անում, որ ճանապարհը լինի մաքուր»։
Վարչապետի խոսքով՝ ամեն օր սպասարկող ընկերությունը պետք է դուրս գա և ճանապարհը մաքրի երթևեկելի հատվածի ողջ լայնքով, այդ հատվածն էլ պետք է լինի գծանշված․ «Հիմա նույնիսկ եզրային գծանշումներ կան, որ 7-8 սմ ավազի տակ են»։
Վարչապետը կարևորել է նաև ճանապարհային երթևեկության նշանների հարցը՝ նշելով, որ դրանց մի մասը հին է. «Օրինակ, Խոր Վիրապը Հայաստանի ամենահիշարժան հայտնի վայրերից մեկն է։ Պարոն մարզպետ, պարոն նախարար, մի հատ Խոր Վիրապի ցուցանակը նայեք։ Երաշխավորում եմ, որ առնվազն իմ տարիքին է։ Ու այսօր՝ զբոսաշրջության բումի վրա, մարդը լսում է Խոր Վիրապ, գալիս է ու գլխի չի ընկնում, որ դա Խոր Վիրապն է։ Նույնը՝ նաև ճանապարհ ցույց տվող ցուցանակները»։
Փաշինյանը կարևորել է նաև ճանապարհային փոսերի հետ կապված խնդիրների լուծումը՝ շեշտելով, որ սպասարկող ընկերությունները պարտավորություն ունեն դրանք վերանորոգել. «Ինչի՞ պիտի երկրի վարչապետն այս թեմային ընդհանրապես անդրադարձ ունենա։ Դա նշանակում է, որ ինչ-որ մարդիկ իրենց պարտականությունը չեն կատարում»։