Հասարակություն

Եվս 500 մլն դրամ վերարտադրողական առողջության ծրագրի համար

Հայաստանի կառավարությունը 500 մլն դրամ կհատկացնի վերարտադրողական առողջության ծրագրի համար։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հիշեցրել է, որ դեռ 2019թ․ է մեկնարկել պետպատվերի շրջանակներում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ թանկարժեք ծառայութունների հասանելիությունը բնակչության համար։

«Հաշվի առնելով բնակչության մեծ պահանջարկը՝ ծրագրի գործարկման ընթացքում այն պարբերաբար վերանայվել է։ Կատարված փոփոխությունների արդյունքում սկզբնական հատվածում նախկին 38 բնակավայրի փոխարեն 194 սահմանամերձ բնակավայրի բնակիչներ հնարավորություն ունեցան միանալ այս ծրագրին։ Հաջորդ վերանայումը կապված էր 2020թ․ պատերազմի հետևանքների հետ, որի արդյունքում ծրագրի շահառու դարձան զոհված զինծառայողների ծնողները։ Նրանց համար գործարկվեց նաև մայրության ծրագիրը, ինչի շնորհիվ շատ ընտանիքներում նորից վառվեց երջանկության ճրագը։ Ուրախությամբ նշեմ, որ ծրագիրն ունի չափազանց մեծ պահանջարկ, և արձանագրվում են լավ արդյունքներ, որ համադրելի են միջազգային ցուցանիշների հետ։ Այս ծրագրի գործարկման ընթացքում արդյունավետությունը, այսինքն՝ ծնվածների թիվը կազմել է 31.6%, ինչը բավարարում է զարգացած երկրների միջին ցուցանիշներին»,- պարզաբանեց Անահիտ Ավանեսյանը։

Նա ասաց, որ այս տարվա հունվարին ծրագիրը վերափոխվեց, և շահառու դարձան մինչև 36 տարեկան, 2 և ավել տարի անպտղություն ունեցող բոլոր անզավակ կանայք, սահմանամերձ բնակավայրերում բնակվող 36-42 տարեկան կանայք, որոնք ունեն 2-րդ երեխա ունենալու դժվարություններ. «Միայն 2023թ․ 7 ամսում սպասարկվել է 2876 շահառու, արձանագրվել է 301 հղիություն, ծնվել է 57 երեխա»,- ասել է Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ 2023թ. ընթացքում գրեթե կրկնակի շատ հղիություն է եղել, քան 2022-ի ողջ ընթացքում։