Հասարակություն

«Ուրախ չեմ պաշտպանելու այն մարդուն, ով զրպարտել է ինձ». Սերժ Սարգսյանը ցուցմունք է տալիս

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատաքննությունը։

Այսօրվա նիստում ցուցմունքներ է տալիս գործով ամբաստանյալ Սերժ Սարգսյանը։

«Ես առանձնապես ասելիք չունեմ, որովհետև դատաքննության ողջ ընթացքն իմ կարծիքով հստակ ապացուցեց, որ Սերգո Կարապետյանը ճիշտ որոշում է կայացրել։ Եւ եթե նա այդպիսի որոշում չկայացներ, ապա պատասխանատվություն կկրեր այն ժամանակ և ոչ թե հիմա։ Շատ պարզ բան է տեղի ունեցել. այդ ծրագիրը կարող էին իրականացնել երկու ընկերություններ, և նա այդ ընկերություններից ընտրել է նրան, որ ավելի ցածր գին է առաջարկել։ Ես անկեղծ ասած, ուրախ չեմ պաշտպանելու այն մարդուն, ով զրպարտել է ինձ։ Բայց իրականությունը դա է»,- ասել է նա։

Հիշեցնենք, ըստ քրեական գործի` 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ: Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այդ վատնման համար։