Հասարակություն

2.5-3 լիտր ջուր և թան. ինչպե՞ս պայքարել շոգի դեմ

2.5-3 լիտր ջուր և թան. ինչպե՞ս պայքարել շոգի դեմ

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցն այսօր անդրադարձել է օդի բարձր ջերմաստիճանի պայմաններում ձեռնարկվելիք քայլեին։

Նրա խոսքով, շոգին օրգանիզմը ջրազրկվում է՝ դրա հետ կորցնելով աղեր և սպիտակուցներ: Ուստի առաջիկա օրերին պետք է խմել առնվազն 2,5-3 լիտր ջուր: Բակունցն ընդգծել է, որ խոսքը ոչ գազավորված ջրի մասին է:

«Այլ ըմպելիքներից խուրհուրդ ենք տալիս օգտագործել մեր ավանդական թանը, որովհետև այն համարյա իդեալական լրացնում է մեր օրգանիզմի՝ հեղուկի, սպիտակուցի և աղերի կորուստը:

Կոֆեին պարունակող խմիչքները և ըմպելիքները առաջարկում ենք պակասեցնել հնարավորինս, որովհետև դրանք, չնայած կարճատև թարմացնող էֆեկտ ունեն, այնուամենայնիվ, հյուծում են օրգանիզմը, իսկ շաքար պարունակող ըմպելիքներն ավելի վատացնում են, ծանրացնում են ջրազրկումը»,- ասել է նա։

Բակունցի խոսքով, ջրի քանակը պետք է ավելացնեն նաև սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողներն ու հղիները, իհարկե, բժշկի հետ խորհրդակցելուց հետո: Իսկ մշտական բժշկական օգնություն ունեցող մարդիկ՝ ամեն օր դեղ խմողները, չպետք է խախտեն նշանակված դեղերն ընդունելը, իսկ խախտումների դեպքում չզբաղվեն ինքնաբուժությամբ:

Նունե Բակունցը նաև հորդորել է շոգ ժամերին դրսում սպասելիս մեքենաների ներսում չմնալ, երեխաներին ևս չթողնել մեքենաներում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական