Հասարակություն

Հարվածել են տղամարդուն, գողացել բջջային հեռախոսը

Օգոստոսի 7-ին, ժամը 13.05-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել է, որ Նոր Արեշի 19-րդ փողոցում անհայտ անձինք ձեռքերով հարվածներ են հասցրել ամուսնուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև վերցրել են նրա բջջային հեռախոսը և հեռացել:

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հասցեում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ չորս երիտասարդներ հարվածներ են հասցրել 36-ամյա տղամարդուն, որի ընթացքում 22-ամյա երիտասարդը վերցրել է նրա գրպանից ընկած հեռախոսը:

Հետագա միջոցառումների ընթացքում Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի մոտ 22-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին, իսկ 18-ամյա երիտասարդը ներկայացել է բացատրական աշխատանքի արդյունքում:

22-ամյա երիտասարդի մոտ բջջային հեռախոսը հայտնաբերվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս երկու մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: