Հասարակություն

«Ջրաշխարհ»-ու՞մ, թե՞ «Aquatek»-ում. ի՞նչ է կատարվել

Երեկ համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ Վանաձորից Երևան ժամանած մի խումբ հաշմանդամություն ունեցող երեխաների մուտքը «Ջրաշխարհ» առանց հիմնավորման արգելվել է։ Ավելի ուշ նոր գրառում հայտնվեց, որտեղ նշվում էր, թե միջադեպը եղել է ոչ թե «Ջրաշխարհ»-ում, այլ դրա հարևանությամբ գտնվող «Aquatek Sport Complex»-ում։ 

Հասմիկ Սողոմոնյանը, ով Վանաձորից Երևան եկած երեխաներից Հայկ Մարկոսյանի տատն է, Radar Armenia-ի հետ զրույցում ասաց, թե դեպքը «Aquatek Sport Complex»-ում է եղել․ «Ես իմ ուզածին հասա։ Իմ ցանկությունն այն է, որ ոչ մի հաշմանդամություն ունեցող երեխայի ծնող չբախվի նման խնդրի, ու այս աղմուկը դաս լինի սպասարկման ոլորտի համար»,- ընդգծեց Սողոմոնյանը։

Նշենք, որ կատարվածին արձագանքեցին մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ, ինչպես նաև ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

Այնուհետ «Ջրաշխարհը» պարզաբանեց միջադեպը՝ նշելով, որ օգոստոսի 6-ին, ժամը 13:00-ի սահմաններում, երկու երիտասարդ և մեկ պատանի մոտեցել են «Ջրաշխարհ»՝ 8 հաշմանդամ երեխաների ընդունելու հարցով․ 

«Նրանց դիմավորել են պատասխանատու աշխատակիցները և պատրաստակամություն հայտնել՝ երեխաներին անվճար հիմունքներով հյուրընկալել և նրանց հանգիստը կազմակերպել, ինչպես նաև ծանոթացրել «Ջրաշխարհում» գործող ներքին կանոնակարգին: Հայտնելով իրենց գոհունակությունը՝ տղաները հեռացել են վերադառնալու պայմանով, բայց չեն վերադարձել»,- նշված է պարզաբանման մեջ։

Մեկնաբանություն ստանալու նպատակով Radar Armenia-ն փորձեց կապ հաստատել միջադեպի մյուս կողմի՝ «Aquatek Sport Complex»-ի ներկայացուցիչների հետ, բայց դա այդպես էլ չհաջողվեց։

Հայկ Մագոյան