Հասարակություն

«Բուժօգնության կարիք ունեցողների համար կրիտիկական վիճակ է ստեղծվել». Ավանեսյանը՝ ԼՂ-ում ստեղծված իրավիճակի մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին, մասնավորապես, առողջապահական իրավիճակին։

Նրա խոսքով՝ նեղ մասնագիտացված բուժօգնության կարիք ունեցողների համար կրիտիկական վիճակ է ստեղծվել. «Որքան շրջափակումը շարունակվում է, այնքան դժվար է տարբերակել տեղափոխման խիստ կարիք ունեցող կամ առողջական լուրջ խնդիր ունեցողներին»,- ասել է նա։

Ըստ Ավանեսյանի՝ բոլոր աշխատանքներն ուղղված են Կոռնիձորում՝ Հակարիի կամրջի մոտ սպասող մարդասիրական բեռը տեղ հասցնելուն. «Որպեսզի կարողանանք ինչ-որ կերպ դրանք անցկացնել, կարողանանք խիստ կարիքը բավարարել»,- նշել է Ավանեսյանը։

Նա անդրադարձել է ԼՂ-ում դեղորայքային կարիքներին՝ մանրամասնելով, որ հումանիտար բեռում քրոնիկ հիվանդների համար նախատեսված դեղեր են, հակացնցումային, հակաբորբոքային, ամենօրյա օգտագործման դեղեր։ Բացի այդ՝ կան նաև մանկական կաթնախառնուրդներ։

Ավանեսյանը շեշտել է, որ օգտագործվում են բոլոր խողովակները՝ իրավիճակը միջազգային կառույցներին ներկայացնելու և լուծումներ գտնելու համար. «Փաստական տվյալները փոխանցում ենք և նկարագրում իրավիճակը՝ պահանջներ նաև դնելով միջազգային կառույցների առջև՝ իրենց մանդատի շրջանակներում։ Գիտեք՝ «Կարմիր խաչ»-ն ունի նման իրավիճակներում թե պացիենտների, թե հումանիտար բեռների տեղափոխման մանդատ, բայց հիմա նրանց աշխատանքներն էլ են պարալիզացված»։