Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է զբոսաշրջությանն ու դրա հետևանքով անկանխիկ առևտրի զարգացմանը։
Նա ասել է, թե զբոսաշրջությունը հանգեցնում է անկանխիկ շրջանառության, և ամեն ինչ արվում է, որ գյուղերում ևս բանկային քարտերով վճարելու հնարավորություն լինի:
Փաշինյանը նաև նշել է, որ այստեղ կարևոր հանգամանք է պարեկային ոստիկանության և փրկարար ծառայության աշխատանքը. «Երբ զբոսաշրջիկը պարեկային ծառայողների մեքենաներ հաճախ տեսնի, նրա մոտ վստահություն և կոմֆորտի զգացողություն կստեղծվի»,- շեշտել է նա:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էլ տեղեկացրել է, որ զբոսաշրջության ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ միջնաժամկետ ծախսային ծրագրերով առաջիկա 3 տարում ահռելի գումարներ են նախատեսված՝ մոտավորապես 10 միլիարդ դրամ։
Քննարկմանը վարչապետը նաև խոսել է զբոսաշրջիկների համար գրավիչ պատմամշակութային հուշարձանների մասին. «Այստեղ էլ մենք լուրջ պրոբլեմներ ունենք՝ այն առումով, որ անտառների թավուտներում թաքնված հարյուրավոր հուշարձաններ կան, որոնք զբոսաշրջային ահռելի պոտենցիալ ունեն: Իհարկե, մենք ամեն ինչ չենք կարող միանգամից լուծել, բայց պետք է հետևողականորեն, շարունակաբար աշխատենք այդ ուղղությամբ: Ակնհայտ է, որ Հայաստանը զբոսաշրջության համար շատ գրավիչ երկիր է»: