Հայաստանի գլխավոր դատախազությունից պարզաբանել են, թե ինչով է պայմանավորված Արմեն և Սերգեյ Սմբատյանների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը։
Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան՝ դատախազությունից պատասխանել են, որ պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանն ու գործարար Արման Պետրոսյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի խարդախության, իսկ Սերգեյ Սմբատյանի հայրը՝ Հայաստանի մշակույթի նախկին նախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը՝ այն կազմակերպելու մեջ։
«Փաստական տվյալներով հաստատվել է, որ խմբի կազմակերպիչը քրեական վարույթի մասին տեղեկություններ ստանալուց հետո խմբի անդամների հետ կազմակերպել է մի քանի հանդիպում և վերջիններիս զգուշացրել, որ նախաքննական մարմիններում նրանք տան իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ:
Քրեական վարույթի ընթացքին խոչընդոտելու՝ վերոնշյալ դեպքը հիմք է հանդիսացել ենթադրելու, որ մեղադրյալների նկատմամբ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պարտականությունների պատշաճ կատարումն արդեն դժվար կլինի ապահովել այլընտրանքային խափանման միջոցների ընտրությամբ:
Արդյունքում, նախաքննական մարմինը կալանավորման միջնորդություն է ներկայացրել հայր և որդի Սմբատյանների նկատմամբ»,- ասված է գլխավոր դատախազության պարզաբանման մեջ:
Հիշեցնենք՝ 2023 թվականի հուլիսի 27-ին դատախազի որոշումներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել Արմեն և Սերգեյ Սմբատյանների, ինչպես նաև գործարար Արման Պետրոսյանի նկատմամբ։
Հայկ Մագոյան