Հասարակություն

Արդեն հասանելի է պետական սեփականություն հանդիսացող հողերը նկարագրող քարտեզագրական շերտը. Կադաստրի կոմիտե

Կադաստրի կոմիտեն տեղեկացնում է, որ ազգային գեոպորտալում հասանելի է պետական սեփականություն հանդիսացող հողերը նկարագրող քարտեզագրական շերտը։

«Հարգելի՛ հայրենակիցներ, գործընկերներ, ՀՀ Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեների համագործակցության արդյունքում  Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի Ազգային գեոպորտալի քարտեզագրական համակարգում հանրության համար այսուհետ հասանելի է պետական սեփականություն հանդիսացող հողերը նկարագրող քարտեզագրական շերտը։ 

Քարտեզագրական բաղադրիչը հնարավորություն է տալիս առցանց միջավայրում դիտելու կադաստրային քարտեզը՝ օդալուսանկարների (օրթոֆոտոհատակագծերի) հետ համադրված, ինչը կարևոր տեղեկատվական հարթակ է նաև ներդրողների համար:

Հասանելի են հետևյալ շերտերը՝ 

- վարչատարածքային սահմաններ (համայնք, մարզկենտրոն), 
- կադաստրային քարտեզ (հողամաս, թաղամաս, շենք), 
- տեղագրական քարտեզ (ճանապարհներ, գետեր), 
- օդալուսանկարներ (օրթոֆոտոհատակագծեր)։

Առցանց միջավայրում համապատասխան գործիքի միջոցով հնարավոր է քարտեզի վրա չափել երկարություն և մակերես»,- ասվում է կոմիտեի տարածած հայտարարության մեջ։