Հասարակություն

«Մտել եմ սուպերմարկետ, և ապրանքը տալիս են նույն տոպրակով, ինչ հինգ տարի առաջ». վարչապետ

Հայաստանի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելող օրենսդրության շրջանցման դեպքերին։ Ըստ նրա՝ թեև օրենսդրությամբ արգելվեց այդ տոպրակների վաճառքը, նաև հստակ չափանիշներ սահմանվեցին, սակայն կան սուպերմարկետներ, որտեղ դրանք օգտագործվում են․ «Նախորդ օրը մտել եմ սուպերմարկետ, և գնածս ապրանքը տալիս են նույն տոպրակով, ինչ հինգ տարի առաջ, մինչդեռ մենք էս դահլիճում քննարկում էինք, որ մենք հիմա չգիտեմ ինչ հաստության տոպրակներն արգելում ենք, չի լինելու, չի օգտագործվելու։ Ինչո՞ւ է այդպես, ո՞վ ունի պարզաբանում»։

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նշեց, թե որքան հնարավոր է, վերահսկողություն իրականացվել է, սակայն դա արդյունք չի տվել. «2019թ. կարգավորումով՝ օրենսդրական փոփոխությունով, 2022թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտավ կարգավորումը՝ առ այն, որ արգելվում է պոլիէթիլենային տոպրակների մինչև 50 միկրոն հաստության վաճառքը: Այստեղ, կարծում եմ. համայնքներն ինչքան հնարավոր է վերահսկողություն իրականացրեցին, բայց սա ամբողջական արդյունք չտվեց: Մենք հիմա նախագիծ ունենք, որով, ըստ էության, պոլիէթիլենային տոպրակների որևէ տեսակի և մեկանգամյա պլաստիկ տարաների վաճառքն ենք արգելելու»: