Հասարակություն

«Հայաստանում ջրի ճգնաժամն ահագնանում է». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Անհրաժեշտ է բոլոր մակարդակներում ջրի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ ջրի ճգնաժամն արդեն Հայաստանում է. «Ջրի ճգնաժամը գլոբալ բնույթ ունի։ Հայաստանում այդ ճգնաժամն ահագնանում է, խորանում ենթակառուցվածքների բացակայությամբ կամ մաշվածությամբ, նաև՝ ջրի նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքով»,- ասել է նա։

Ըստ վարչապետի՝ եթե քարտեզագրեն ու շրջեն մարզերով, մեծ անակնկալի կգան՝ պարզելով, թե ջրի պրոբլեմն ինչ մեծ ծավալների է. «Մեզնից քչերն են պատկերացնում, թե ջրի պրոբլեմն ինչ ծավալի է։ Իսկ դա մեծ ծավալի է»,- ասել է նա։

Փաշինյանի խոսքով՝ ջրի խնդիրը հաջորդ ռազմավարական ծրագիրը պետք է լինի. «Ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների, առողջապահական համակարգի ծրագրերը հոսքագծի վրա դնելուց հետո պետք է շատ լուրջ զբաղվենք ջրի պրոբլեմներով»,- ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանում ջուրը չի կառավարվում, այլ ուղղակի հոսում է. «Կան կազմակերպություններ, պաշտոնյաներ, ընթացակարգեր, օրենքներ ու կառավարության որոշումներ, բայց ջուրը մեզանում չի կառավարվում»։

Վարչապետի համոզմամբ՝ կա նաև գիտելիքի խնդիր, երբ չգիտեն, թե ինչ է նշանակում ջրի կառավարում։