Խոսելով ձկնաբուծարանների՝ փակ ցիկլի անցնելու վերաբերյալ կառավարության՝ 2024թ. ուժի մեջ մտնող որոշման մասին՝ վարչապետը նշել է, թե համաձայն չի հնչած մտահոգություններին, որ ձկնաբուծարանները կսնանկանան։
Այս համատեքստում նա կարևորել է սննդի անվտանգությունը. «Մենք մեզ պետք է հարց տանք՝ էդ ձկնաբուծարաններում, երբ ձկան բտման պրոցես է տեղի ունենում, շուկայում հայտնված արտադրանքը ինչքանո՞վ է համապատասխանում սննդի անվտանգության կանոններին, դա ի՞նչ ազդեցություն է ունենում մեր առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության վրա»,- ասել է նա։
Ըստ Փաշինյանի՝ պետք է դուրս գալ պատանդի կարգավիճակից. մեկ ու կես տարի առաջ կայացվել է որոշում, և ձկնաբույծները ժամանակ են ունեցել ներդրումներ կատարել. «Իսկ ո՞վ է ասել, որ պետք է եկամուտներ ստանան, կասկածելի արտադրանք թողարկեն շուկա, հետո էլ անընդհատ շանտաժ անեն, թե կսնանկանան, էս կանեն, էն կանեն։ Ձեր ռիսկն ա։ Հասկանում եմ, որ պետությունը պետք է տնտեսությանն աջակցի»։
Նա ասել է, թե ոչ մեկը չի հաշվել, թե պետությունն ինչքան է ծախսում ջրի վրա, և որքան ձուկ է արտադրվում. «Արտադրված ձկան ու վատնվող ջրի հաշվարկ ոչ մեկը չի արել»։
Ըստ նրա՝ տասնյակ տարիներ են պետք ջրային բալանսը վերականգնելու համար։