Հասարակություն

Երևանի Կինոյի տան մեծ դահլիճում կայացավ «Ես բացեցի թևերս» վավերագրական ֆիլմի պրեմիերան

Երևանի Կինոյի տան մեծ դահլիճում կայացավ «Ես բացեցի թևերս» վավերագրական ֆիլմի պրեմիերան՝ նվիրված հայ լեգենդար մարզիկ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին։ Կարճամետրաժ ֆիլմն ամբողջությամբ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների աշխատանքն է։

Վավերագրական ֆիլմի ռեժիսորը Սոնա Սարիբեկյանն է, գլխավոր օպերատորը՝ Ռոբերտ Պողոսյանը, պրոդյուսերը Դավիթ Ջինանյանը։

Ստեղծագործական թիմը փորձել էր նորովի ներկայացնել օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի, Եվրոպայի կրկնակի ու ԽՍՀՄ 11-ակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անցած սպորտային ճանապարհն ու կյանքը՝ սկսած Վանաձորում դարբնի աշխատանքից մինչև սպորտային ամենաբարձր կոչումների նվաճումը։

«Մեծագույն պատիվ, հպարտություն և էլ ավելի մեծ պատասխանատվություն էր Ալբերտ Ազարյանի հետ աշխատելը։ Կարծում եմ, որ լեգենդար անձնավորության մասին ֆիլմ նկարած լինելու փաստը մեր երիտասարդ թիմի համար հետագայում ուղենշային կդառնա»,- նշել է ֆիլմի ռեժիսոր Սոնա Սարիբեկյանը։

Նրա խոսքով՝ ֆիլմում օգտագործված են արխիվային կադրեր լեգենդար մարզիկի հաղթական ելույթներից, «Փառքի օղակներ» գեղարվեստական ֆիլմից, որտեղ Ալբերտ Ազարյանը մարմնավորել է իր իսկ կերպարը։

 Ռեժիսորի կարծիքով՝ 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերում Հայաստանի համար հաղթանակներ գրանցելը չափազանց կարևոր է․

«Նոր հաղթանակներ կերտելու ճանապարհին նախկինում մեծ հաղթանակներ կերտած անհատներին վերստին գնահատելը, նրանց կատարած փառավոր աշխատանքը հանրահռչակելը կարևոր նախադրյալներ են, որովհետև մեր երկրին և հատկապես երիտասարդ սերնդին հաղթանակներ են պետք»։

Ֆիլմի ստեղծմանն աջակցել են Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Երևանի քաղաքապետարանը, Կինոյի տունը։