Գործադիրի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով շենքային ստանդարների մասին, առանձնացրեց դպրոցական գույքի ստանդարտի հարցը։
«Մենք պետք է անընդհատ, անընդհատ բոլորս գնանք, բոլոր նախարարներին է վերաբերում, գերատեսչությունների ղեկավարներին, գնանք անձնամբ նայենք՝ ինչ է տեղի ունենում։ Խոսեցինք գույքի ստանդարտի մասին, որն այսօր ունենք բացարձակապես գոհացուցիչ չէ։ Եվ մենք չպետք է համակերպվենք դրա հետ։ Երեխաները պետք է ստանան հնարավոր լավագույն դպրոցը՝ հնարավոր լավագույն գույքով, հնարավոր լավագույն ծրագրով, հնարավոր լավագույն ուսուցիչներով, հնարավոր լավագույն միջավայրով։ Եվ ես ասում եմ, եթե որևէ դպրոց մեր ստանդարտին որակով չհամապատասխանի՝ չեմ ասելու եկեք տեսնենք ոնց ենք էս հարցը լուծում։ Պիտի գնանք, մեր ձեռքով այդ դպրոցը մինչև հիմքերը քանդենք և կառուցենք նորը։ Իհարկե այդ ընթացքում պետք է լինեն համապատասխան միջոցներ նրանց նկատմամբ ովքեր չեն ապահովել և իրենց աշխատանքը նորմալ որակով չեն արել», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այս օրինակը ցույց է տալիս, որ ամեն փուլում պետք է հետևենք՝ ինչ է տեղի ունենում. «Եթե մենք որոշումը կայացնենք, փողը տանք, մրցույթը հայտարարենք, ասենք, վերջում կգանք, ժապավենը կկտրենք, ու կպարզենք, որ խոտանի ժապավեն ենք կտրում»։
Նիկոլ Փաշինյանի համար տարօրինակ է Արարատի մարզում հնչած շեշտադրումը, որ մարզպետարանի համապատասխան կառույցներն ընթացիկ վերահսկողական գործերին ներգրավված չեն։ Վարչապետը չթաքցրեց, որ դառը տպավորությամբ է վերադարձել Դեղձուտի դպրոցից։ «Կներեք, միլիարդներ ենք ծախսում ու այդ միլիարդները ծախսում ենք երեխաների համար, և, եթե որևէ մեկն այս նպատակից շեղվեց արձագանքը լինելու է ահավոր կոպիտ»։
Մանրամասները՝ տեսանյութում