Եվրամիության ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու գործընթացի առումով Հայաստանն ակտիվ փուլ է մտել, խնդիրների առնվազն կեսը լուծվել են։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախնական նախագիծը։
Հաջորդ տարի նախատեսվում է ավիացիոն ոլորտին տրամադրել 1.6 մլրդ դրամ:
«Այս ոլորտում բավականին ակտիվ փուլ ենք մտել սև ցուցակից դուրս գալու գործընթացի առումով: Լուծել ենք մեր առջև եղած խնդիրների առնվազն կեսը, զբաղվում ենք մյուս կեսի լուծմամբ»,-ասել է նախարարը։
Ըստ նրա՝ հիմա ոլորտը բավական արագ զարգացման տեմպ ունի:
Հիշեցնենք՝ հայկական ավիացիան Եվրամիության «սև ցուցակում» էր հայտնվել 2020 թվականի հունիսից: Արգելվել էր բոլոր հայկական ավիափոխադրողների մուտքը ԵՄ օդային տարածք: