Հասարակություն

Անհետ կորած և գերի ընկած զինծառայողների ծնողները կրկին փակել են Բաղրամյան պողոտան

Էջմիածնի «Քիմիկների» զորամասից 44-օրյա պատերազմ մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողերը փակել են Բաղրամյան-Պռոշյան պողոտան և պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։

Նրանք պնդում են, որ իրենց խնդրել են մեկ շաբաթ ժամանակ տալ, բայց մինչև օրս պատասխան չկա։

Անցած չորեքշաբթի նրանք նույնպես ակցիա էին անում, փակել էին փողոցներ ու միայն խոստումից հետո, որ վարչապետը մեկ շաբաթվա մեջ կընդունի իրենց, ծնողները բացել էին ճանապարհը։

Նշենք, որ ակցիային մասնակցում են Էջմիածնի «Քիմիկների» զորամասի զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2020 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ՝ մարտական առաջադրանքի, նրանք ընկել էին շրջափակման մեջ և հակառակորդի հետ անհավասար մարտի բռնվել:

Հիշեցնենք, որ այս առնչությամբ հարուցված գործը դատական ընթացքի մեջ է, և ծնողները դժգոհում են նաև դատավարությունից։ Որպես մեղադրյալ ներգրավված է ՀՀ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը, որը, ըստ մեղադրանքի ցուցաբերել է իշխանության անգործություն, ինչի հետևանքով շրջափակման մեջ հայտնված 62 հոգանոց խումբը հակառակորդի հետ անհավասար մարտի պայմաններում մնացել է առանց օգնության. 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ 23 զինծառայողների, ինչպես նաև ավտոբուսի վարորդի գտնվելու վայրն առայսօր անհայտ է: