Ամփոփվել են երեխաների իրավունքների պաշտպանության և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտներում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից «Տվյալներ՝ ազդեցության համար» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները։
Ծրագրի ամփոփիչ միջոցառմանը մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Ջոհն Ալելոն, ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի Համալսարանի «Տվյալներ ազդեցության համար» ծրագրի տնօրեն Ջեսսիկա Ֆեհրիները, ինչպես նաև միջազգային և հայաստանյան տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Միջոցառման ժամանակ ամփոփվել են թրաֆիքինգի դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրի իրականացման, մշտադիտարկման և գնահատման համակարգի ներդրման արդյունքները, նաև ներկայացվել երեխաների պաշտպանության համակարգի մշտադիտարկման գործընթացին և գործիքակազմին առնչվող մի շարք մանրամասներ։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է ծրագրի կարևորությունը՝ երեխաների իրավունքների պաշտպանության և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտներում առավել արդյունավետ քաղաքականության մշակման համատեքստում։