Ադրբեջանը ոչ միայն դիվանագիտական ճակատում և գետնի վրա է փորձում ճնշումներ գործադրել Հայաստանի վրա, այլ նաև բնապահպանության ոլորտում է պատերազմ վարում՝ թիրախավորելով հանքերն ու առհասարակ հանքարդյունաբերության ոլորտը։ Radar Armenia-ն ներկայացնում է վերջին շրջանում Ադրբեջանի բնապահպանության բնագավառում՝ ակտիվ դեմարշը Հայաստանի դեմ։ Շուրջ 7 ամիս առաջ «բնապահպանական» պատճառաբանությամբ Լաչինի միջանցքը փակած Ադրբեջանը շարունակում է ակտիվ աշխատել այս ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը պաշտոնական մակարդակով, բնապահապանների և հկ-ների միջոցով բնապահպանական բնույթի մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի նկատմամբ։ Նշենք, որ այս արշավը ուղղորդվում է ոչ միայն տեղեկատվական քարոզչությամբ, այլև հանքավայրերի ուղղությամբ կրակոցներով։
Բնապահպանական ճակատում վերջին դեպքը տեղի ունեցավ հինգշաբթի օրը, երբ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին առ այն, թե Ադրբեջանի կառավարությունը Հայաստանից պահանջել է դադարեցնել Երասխում խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը։ Ըստ ադրբեջանական պնդումների՝ այս մասին ասված է Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևի՝ Հայաստանի շրջակա միջավայրի նախարարին ուղղված նամակում։
Թեև կարճ ժամանակ անց հայկական կողմը հերքեց այս հայտարարությունը՝ նշելով, որ Ադրբեջանի կառավարությունից ՀՀ շրջակա միջավայրի նախարարը խոշոր մետաղաձուլական գործարանի կառուցումը դադարեցնելու վերաբերյալ պաշտոնապես որևէ գրություն չի ստացել, պետք է նկատենք՝ ադրբեջանական կողմը շարունակաբար ընդարձակում է հռետորաբանությունը՝ նպատակ հետապնդելով այս ոլորտում ևս խնդիրներ ստեղծել Հայաստանի համար։
Այս համատեքստում հարկ է հիշեցնել, որ 2023թ. հուլիսին ադրբեջանցի «բնապահպանները» բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հանքարդյունաբերական ձեռնարկությունների շահագործման պատճառով Հարավային Կովկասի տարածաշրջանում բնապահպանական կայունության խախտման մասին։ Իսկ հունիսին Ադրբեջանի՝ շրջակա միջավայրի խնդիրներով զբաղվող պաշտոնական գործակալությունը հայտարարություն էր տարածել Հայաստանի կողմից Էսպոո (Espoo) կոնվենցիայի խախտման մասին՝ կապված Հայաստանի տարածքում Ադրբեջանի հետ սահմանին գտնվող Երասխ գյուղում մետալուրգիական գործարանի կառուցման հետ։ Հարկ է արձանագրել, որ ադրբեջանական կողմը, սովորության համաձայն, հայտարարության հիմնավորման մեջ խեղաթյուրել էր փաստերը՝ ներկայացնելով, թե իբր իրենց պնդումները վկայում են կոնվենցիայի դրույթների խախտման մասին։
Ադրբեջանը իր բնապահպանների միջոցով փորձ է անում խոչընդոտել Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը։ Շրջակա միջավայրի նախարարությունից արձագանքելով ադրբեջանի բնապահպանների «աղաղակներին»՝ պնդել էին, որ գործարանի շահագործման արդյունքում շրջակա միջավայրի վրա բացասական անդրսահմանային ազդեցությանը վերաբերող Ադրբեջանի հայտարարությունն անհիմն է և որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը, ապա հավելել՝ այս բնապահպանական կեղծ ահազանգերի միակ իրական նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը խոչընդոտելն է։
Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով ադրբեջանցի «բնապահպանների» մեղադրանքներին, նշել էր, որ Ադրբեջանը Հայաստանին վերագրում է հանքավայրեր, որոնք պարզապես գոյություն չունեն, բարձրաձայնում է հանգամանքներ, որոնք մտացածին են, մատնանշում է որոշումներ, որոնք բոլորովին ուրիշ բանի մասին են, հիշատակում է կոնվենցիաներ, որոնք վերաբերելի չեն։
Ադրբեջանցի «բնապահպանների» դիրքորոշման վերաբերյալ հակադարձող հայտարարություն տարածեցին նաև Հայաստանի հասարակական կազմակերպությունները՝ ևս մեկ անգամ արձանագրելով, որ Հայաստանը հավատարիմ է բաց կառավարման սկզբունքներին (OGP) և Օրհուսի կոնվենցիայի պահանջներին, և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը հրապարակվում է պաշտոնական կայքերում, որտեղ նշված են արտադրության հիմնական տեխնիկական չափորոշիչները և տրված է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը:
Ինչ վերաբերում է Երասխի գործարանին, ապա դրա կառուցման վերաբերյալ փաստաթղթերը հրապարակված են նաև հանրային բաց հարթակում:
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի կարծիքով՝ Ադրբեջանը փորձում է սահմանափակել Հայաստանի արդյունաբերության զարգացումը, այդ թվում՝ հանքարդյունաբերության ոլորտում։ Ըստ նրա՝ պետք է շատ զգոն լինել, որովհետև, եթե ադրբեջանական կողմը հաջողությունների հասնի և վնաս պատճառի Հայասաստանում հանքարդյունաբերական ոլորտին, ապա շարունակելու է իր քայլը դեպի Մեծամորի ատոմակայան, Արարատյան դաշտի ձկնաբուծարաններ և այն բոլոր ոլորտներ, որոնք կապ ունեն բնապահպանության հետ։
Ադրբեջանի պաշտոնական և ոչ պաշտոնական ներկայացուցիչները, սակայն, կարծես չեն հիշում, որ 2006թ. Կասպից ծովի բոլոր ափամերձ երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը, վավերացրել են «Կասպից ծովի ծովային միջավայրի պաշտպանության շրջանակային կոնվենցիան» (Թեհրանի կոնվենցիա)։ Կասպից ծովի արևմտյան ափին գտնվող նավթի և գազի պաշարներով հարուստ Ապշերոնի թերակղզու 21,3 հազար հեկտար տարածքը խիստ աղտոտված է նավթով և նավթամթերքներով: Նավթի երկարատև արտահոսքերն այս տարածքում առաջացրել են շրջակա միջավայրի և բնական լանդշաֆտի (TACIS 2009) լուրջ մարդածին փոփոխություններ: Հայտնի փաստ է՝ Ադրբեջանի նավթագազային արդյունաբերությունը զգալի վտանգ է ներկայացնում Կասպից ծովի ավազանի երկրների՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Թուրքմենստանի և հենց Ադրբեջանի համար։
Մասնագետները փաստում են՝ Ադրբեջանը դեռևս 1990 թվականից Հայաստանի և Արցախի դեմ իր պայքարում օգտագործում է «բնապահպանական փաստարկները» և այդ թեման ընկալելի է Արևմուտքի համար։ Նրանց կարծիքով՝ Հայաստանն էլ պետք է խոսի Արևմուտքի համար հասկանալի լեզվով։
Հայկ Մագոյան