Հասարակություն

Հայաստանը 23 կետով բարելավել է իր դիրքը ՄԱԿ-ի «CIP index»-ով (ԱՂՅՈՒՍԱԿ)

ՄԱԿ-ի Արդյունաբերության Զարգացման հիմնադրամը (UNIDO) հրապարակել է իր Մրցակցային արդյունաբերական արդյունավետության (CIP-ի) 2023թ. ինդեքսը, որը գնահատում է երկրների ապրանքներ արտադրելու և արտահանելու կարողությունը ոչ միայն կոնկրետ տարում, այլև երկարաժամկետ կտրվածքով։ Այն ներկայացնում է 153 երկրների կարողությունները, դրանց տեխնոլոգիական առաջընթացը և արտադրական գործունեության վրա գլոբալ ազդեցությունը:

Ըստ այս ինդեքսի՝ Հայաստանը զգալիորեն բարելավել է իր վարկանիշը՝ 2012 թվականին 116-րդ հորիզոնականի փոխարեն այս պահին զբաղեցնում է 93-րդ հորիզոնականը։

Էական առաջընթաց են գրանցել նաև ԱՄԷ-ն, Լաոսը, Հյուսիսային Մակեդոնիան և Վիետնամը, սակայն Հայաստանը մնացածի համեմատ դիրքերը բարելավել է 23 կետով։

Նշենք, որ ինդեքսի առաջատարը շարունակում է մնալ Գերմանիան, որպես աշխարհի ամենամրցունակ արտադրական ոլորտ ունեցող երկիր, որը այս դիրքում է 2001թ.-ից։

Վարկանիշում Գերմանիայից հետո առաջին հինգ տեղերը զբաղեցնում են Չինաստանը, Իռլանդիան, Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ։ Նշենք, որ Չինաստանը, որը ներկայումս զբաղեցնում է երկրորդ տեղը, 1990թ. սկսած տպավորիչ աճ և դինամիկա է գրանցել՝ աստիճանաբար նվազեցնելով Գերմանիայի հետ ունեցած տարբերությունը։