ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում «Հայաստանի 8 մարզերի կոշտ թափոնների կառավարման շրջանակային ուսումնասիրություն» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Վայոց ձորի փոխմարզպետ Դավիթ Սարգսյանի, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի վարչության պետ Գեղամ Մարգարյանի, «Ջինջ» ՍՊԸ-ի ծրագրերի համակարգող Հայկ Գրիգորյանի, ծրագրի հիդրոլոգ Արտաշես Աղինյանի, համայնքներում աղբահանությունը համակարգող անձանց և ՀՈԱԿ-ների տնօրենների մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում անդրադարձել են ծրագրի ներկա ընթացքին, տվյալների հավաքագրման խնդիրներին, թափոնների հավաքագրման սկզբունքներին, ժամանակակից չափանիշներին համապատասխան տարածաշրջանային աղբավայրերի կառուցման հնարավորություններին, փորձագետների կողմից իրականացված նախնական ուսումնասիրության աշխատանքներին, մարզին բնորոշ խնդիրներին, ներկայացվել են առաջարկներ համայնքներին։
Նշված ծրագրով նախատեսվում է գոտիավորել ՀՀ տարածքը կոշտ թափոնների կառավարման մասով, այնուհետև ըստ գոտիների՝ իրականացնել կապիտալ ծրագրեր սանիտարական աղբավայրերի, աղբի տեսակավորման կայանների և վերամշակման գործարանների տեղակայման ուղղությամբ։