Հասարակություն

Գերազանցի նշաձողը հաղթահարած զինծառայողների աշխատավարձը կրկնակիից ավելի է բարձրացել. Սուրեն Պապիկյան

Զինված ուժերում հունիս ամսվա սկզբից մեկնարկել է զինծառայողների ատեստավորման պրոցեսը: Գործադիրի նիստում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ արդեն ունենք կամավոր ատեստավորման մասնակցած շուրջ 1000 զինծառայող։

Նախարարի խոսքով՝ առաջին հայտ ներկայացրած 4000 զինծառայողներից 1000-ը հանձնել են համապատասխան քննությունները: «Ընկալում կա, որ պատրաստվածության մակարդակը պետք է ամենօրյա ռեժիմով բարձրացնել և ստանալ ատեստավորման նոր հնարավորություններ նաև նրանց պարագայում, ովքեր թերացել են: Բայց գործընթացը բավականին առողջ է: Ունենք դժվարություններ, արձանագրվում  են թերություններ, որոնց մասին գիտեինք, և արդեն փաստացի արձանագրվում են: Մենք պետք է շատ արագ և գործնական քայլեր կատարենք թերացումները շտկելու և առաջ շարժվելու համար»։

Խոսելով ատեստավորման արդյունքում աշխատավարձի բարձրացման մասին՝ Սուրեն Պապիկյանը նշեց, որ գոյություն ունի ատեստավորման տարբեր սանդղակներ՝ բավարար, լավ և գերազանց նշաձողեր, ապա հավելեց, որ եղել են զինծառայողներ, որոնք հաղթահարել են գերազանցի նշաձողը և վերջիններիս պարագայում աշխատավարձը կրկնակիից ավելի է բարձրացել: